Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օրգանների սև շուկայի ռիսկերը Հայաստանում,ինչպե՞ս է աշխատում սև շուկան․ Ծաղիկ Վարդանյան
Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Ծաղիկ Վարդանյանը գրում է․
«Օրգանների սև շուկայի ռիսկերը Հայաստանում
Ըստ միջազգային աղբյուրների աշխարհում կատարված օրինական փոխպատվաստումները բավարարում են սպասման ցուցակներում (waiting list ) գտնվող բոլոր հիվանդների միայն 10%-ի կարիքները: Արդյունքում, ամեն տարի հազարավոր մարդիկ մահանում են այս պրոցեդուրային սպասելիս: Պահանջարկ/ առաջարկ անհամապատասխանությունից ձևավորվել է մարդու օրգանների ձեռք բերման Սև շուկա, որի շրջանառությունը տարեկան կազմում է շուրջ 1,8 մլրդ. $:
Սև շուկայի օրգանների առևտուրը կշարունակի ծաղկել այնքան ժամանակ, քանի դեռ սպասողների ցուցակներում (waiting list) 100,000 մարդիկ են ամրագրված: Արդյունքում սպասման արժեքը կարող է լինել սիրելիի կորցրած կյանքը:
Ի՞նչ է օրգանների սև շուկան
Սև շուկան նշանակում է՝
Օրգանների վաճառք կամ գնում՝ օրենքի խախտմամբ, որը հաճախ իրականացվում է՝ առանց դոնորի լիարժեք կամավոր համաձայնության, առանց վերահսկող մարմինների իմացության, առանց բժշկական անվտանգության ապահովման։
Սև շուկայի տարածվածություն
Ըստ միջազգային աղբյուրների (WHO, Global Financial Integrity, UNODC)՝
• Հարավային Ասիա՝ Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ
• Մերձավոր Արևելք ՝ Եմեն, Սիրիա, Եգիպտոս
• Արևելյան Եվրոպա՝ Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան
Պատճառները՝ սոցիալական աղքատություն, թույլ վերահսկողություն, մարդկանց անօրինական տեղափոխում այլ երկրներ, օրգանների բռնի հեռացում պատերազմի պայմաններում և այլն:
Հնդկաստանում, Պակիստանում կան գյուղեր՝ «Kidney villages» , որտեղ բնակչության մեծ մասը մեկ երիկամ չունի: Նրանք սև շուկայում վաճառել են իրենց երիկամը 1000$-2000$-ով:
Ինչպե՞ս է աշխատում սև շուկան
Գործող սխեմա
Միջնորդ կազմակերպություն/մարդ՝ գտնում է դոնորների աղքատ համայնքներից
Դոնորին խոստանում են գումար, կամ մոլորեցնում
Վիրահատությունը արվում է օրինական բուժհաստատությունում՝ կեղծ փաստաթղթերով կամ լռելյայն պայմանավորվածությամբ
Օրգանը տրվում է վճարող ռեցիպիենտին՝ հաճախ այլ երկրից
Դոնորը չի ստանում խոստացված գումարը կամ տառապում է բարդություններից առանց բժշկական հսկողության:
Հայաստանի ռիսկերը
Չնայած Հայաստանում ներկայում սև շուկայի փաստագրված դեպքեր չկան (կամ հանրայնացված չեն), ռիսկերը շատ իրական են, քանի որ՝
• Դիակային դոնորություն չկա, իսկ փոխպատվաստման կարիք ունեցողները ավելանում են
• Սպասման ցուցակների բացակայություն և դոնորության ցածր մակարդակ
• Բացակայում է պետական ռեգիստր, տվյալների թափանցիկություն
• Գոյություն չունի օրգանների բաշխման հստակ, վերահսկվող մոդել
• Կա բարձրաստիճան բուժաշխատողների՝ դոնորություն «կազմակերպելու» պոտենցիալ շահ
Արդյունք Սև շուկան ոչ միայն կոռուպցիոն, այլև մարդկային իրավունքների կոպիտ խախտման դրսևորում է, որը.
• Վտանգում է դոնորների առողջությունն ու կյանքը
• Ոտնահարում է արժանապատվությունն ու կամքը
• Խարխլում է առողջապահական համակարգի նկատմամբ հանրային վստահություն:
Ի՞նչ կարելի է անել՝ կանխելու համար
1. Օրինական և թափանցիկ փոխպատվաստման համակարգի զարգացում
2. Միջազգային համագործակցություն և տվյալների փոխանակում
3. Հանրային կրթություն՝ սև շուկայի վտանգների ու հետևանքների մասին։
4. Իրավապահ հսկողություն՝ բժշկական հաստատությունների, մասնավոր անձանց և բժշկական տուրիզմի նկատմամբ։
Հ.Գ. Մինչև դիակային դոնորության զարգացման համար քայլեր անելը պետք է այս բոլոր ռիրկերն ու խնդիրները հանգամանորեն հաշվի առնել և չեզոքացնել: Հակառակ դեպքում «փոխպատվաստման զարգացուան պլանն » էլ կմնա թղթի վրա, ինչպես նախորդ շատ ծրագրեր»։